Նախքան քթի պլաստիկ վիրահատություն կատարելը և դրանից հետո ուշադրությամբ կարդացեք ստորև բերված հրահանգները, որոնց հետևելու դեպքում ավելի արագ կապաքինվեք:
Նախքան վիրահատությունը
- Լոգանք ընդունել և լվանալ մազերը վիրահատության նախօրեին և առավոտյան մինչև վիրահատություն կատարելը։
- Նախքան վիրահատությունը 3 շաբաթ չի կարելի ընդունել ասպիրին կամ ասպիրին պարունակող այլ դեղանյութեր, ինչպիսիք են ասկոֆենը և այլն: Այստեղ ծանոթացեք այն դեղերի ցանկին, որոնք արգելված են մինչև վիրահատությունը։
- Վիրահատության նախօրեին և առավոտյան` մինչև վիրահատությունը խստիվ արգելվում է ուտել 19:00-ից և խմել ժ.22:00-ից հետո
Վիրահատությունից հետո առաջին 48 ժամում
Հնարավոր է դեմքի միջին մասը և աչքերի շրջանը այտուցվի և հայտնվեն կապտուկներ, որոնք առավել անհանգստություն կպատճառեն վիրահատության երկրորդ օրը: Հնարավոր է աչքերի կարմրություն, աչքերից արտադրության ուժեղացում, վերին շրթունքի այտուց և ատամների թմրածություն: Քթից կդիտվի որոշակի շճալորձային և արյունային արտադրություն, որը կնվազի՝ հետվիրահատական երկրորդ օրվանից: Հնարավոր է լինի որոշակի դիսկոմֆորտ (անհարմարավետության զգացում), որը հեշտությամբ վերացվում է ցավազրկող դեղամիջոցներով: Անհրաժեշտության դեպքում պետք է փոխել քթի տակ դրված անձեռոցիկը:
Պետք է
- Գլուխը պահել բարձր, չխոնարհել
- Գիշերը քնել մեջքի վրա, երկու բարձով
- Ապահովել հանգիստ առաջին 3 օրը
- Ժամանակին ընդունել նշանակված դեղամիջոցները
- Ըստ նշանակման կիրառել սառցե պարկեր
- Քիթը մաքրել և օգտագործել սփրեյ
- Անհրաժեշտության դեպքում փոխել քթի տակ դրված անձեռոցիկը
- Փռշտալ լայն բացած բերանով
- Շատ զգուշորեն լվանալ ատամները
- Կոնտակտային լինզաները կրել վիրահատությունից 5 օր հետո
- Գիպսը պահել չոր
- Դիմահարդարվել կապտուկները քողարկելու համար
- Վիրակապը հանելուց հետո դեմքը և քիթը լվանալ շատ զգուշորեն
- Վիրակապը հանելուց հետո օգտագործել քսուք արևայրուքի դեմ
Չի կարելի
- Առանց բարձի պառկել և շուռումուռ գալ անկողնում
- Խոնավ անձեռոցիկը թողնել քթի տակ
- Քթով փռշտալ կամ քթով փչել
- Շարժել քիթը և ուժ գործադրելով լվանալ ատամները
- Ակնոց կրել գիպսային վիրակապը հանելուց հետո 8 շաբաթվա ընթացքում
- Գիպսը խոնավացնել, շարժել կամ հանել
- Լողանալ վիրահատությունից հետո 3 օրվա ընթացքում
- Վիրահատությունից հետո 6 ամսվա ընթացքում քիթը ենթարկել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությանը
- Զբաղվել ֆիզիկական աշխատանքով և կատարել ֆիզիկական վարժություններ վիրահատությունից հետո 6 շաբաթվա ընթացքում

